Երկար ժամանակ է, ինչ հիվանդը, հիվանդի տերերը սպասում էին այդ կարևոր վիրահատությանը:
Ռիսկը շատ մեծ էր, սրտի հետ գործ պիտի ունենային:
Վիրահատությունն իրականացնելու համար հատուկ հրավիրեցին գեղի լավագույն մասնագետին:
Նա լուրջ սրտաբան էր. մոտավորապես գիտեր սրտի տեղը, նաև հիշում էր կենսաբանության դասերից, որ այն կարևոր օրգան է, կազմված է երկու նախասրտից, երկու փորոքից:
Կարդիոլոգը, հիվանդի հարազատների հետ շփվելիս, հաճախ էր օգտագործում արտահարտություններ, որոնք ընդծում էին իր մասնագիտությունը.
-Լավ է լինելու, սրտիդ մեռնեմ, անդադար ասում էր հիվանդի տիկնոջը:
- Պապի, սիրտդ ուտեմ,չմտածես: Թոռդ ոտքի է կանգնելու:
Հետո եկավ վիրահատության օրը:
Հիվանդը մահացավ հենց վիրահատարանի սեղանին: Պարզվեց, որ գեղի լուրջ բժիշկը կտրել էր մի փոքր ուրիշ տեղից՝ վնասել էր խեղճի աորտան:
Մեծ ղալմաղալ սկսվեց: Դատի ժամանակ գեղի լուրջ բժիշկը հերքեց բոլոր այն մեղադրանքները, իբր վիրահատության ժամանակ եղել է հարբած, իբր ձեռի կացինը եղել է չհականեխված: Եղան նաև բացահայտ պրովոկատորներ՝ գեղի անդորրը խախտել ցանկացողներ, ովքեր ուզեցին իմանալ, թե ո՞վ է թողել նրան վիրահատարան և ո՞ր թվականին է ավարտել բժշկական համալսարանը:
Պրովոկատոր տականքներին դատարանի դահլիճից դուրս հանեցին ու մի լավ ծեծեցին:
Անցան տարիներ, բայց գյուղում ոչինչ չփոխվեց: ՈՒղղակի ամեն հերթական մահից հետո դատերն անցնում էին ավելի ցիվիլ, բարեհամբյուր մթնոլորտում:
Առանց ծեծուջարդի:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)